Հազարավոր ճապոնացի երկրպագուներ արցունքներով հրաժեշտ են տվել հսկա պանդային, որը կիրակի օրը վերջին անգամ հայտնվել է հանրության առջեւ՝ նախքան իր հայրենիք՝ Չինաստան թռչելը, հաղորդում է ABC News-ը:

Պանդայի երկրպագուները հավաքվել են Տոկիոյի «Ուենո» կենդանաբանական այգում՝ վերջին անգամ նայելու Սյան Սյանին, ով 2017 թվականի հունիսին ծնվելուց ի վեր եղել է այգու կուռքը:

Կիրակնօրյա հանդիպումը պանդայի հետ 2600 երջանիկ հաղթողների համար էր, ովքեր իրենց տոմսերը շահել էին չափազանց մրցակցային վիճակախաղով:

Չնայած նա ծնվել եւ մեծացել է Տոկիոյի կենդանաբանական այգում, նրածնողները՝ Ռի Ռին եւ Շին Շինը Չինաստանից էին եւ նա պետք է վերադառնա երկիր։

Չինաստանը պանդաներին ուղարկում է արտերկիր՝ որպես բարի կամքի դրսեւորում, սակայն պահպանում է կենդանիների եւ նրանց կողմից ծնված բոլոր ձագերի սեփականության իրավունքը: Այս կենդանիները բազմանում են Չինաստանի հարավ-արեւմուտքում եւ հանդիսանում են ոչ պաշտոնական ազգային թալիսման:

Ըստ ճապոնացի երկրպագուների, չնայած Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ լարված քաղաքական կապերին, պանդաները միավորել են երկու երկրների մարդկանց եւ նպաստել բարեկամությանը:

Սյան Սյան «Ուենո» կենդանաբանական այգու երկու աշխատակիցների ուղեկցությամբ երեքշաբթի օրը թռչելու է Չինաստան։ Նա կմիանա այլ պանդաներին Սիչուան նահանգում գտնվող հաստատությունում, որը մոտ է պանդաների սկզբնական բնակավայրին: