Մարդը կարողացել է հաղթել արհեստական բանականությանը (AI) «գո» սեղանի խաղում, հայտնում է Ars Technica պորտալը։

Հաղթող է ճանաչվել ամերիկացի սիրողական խաղացող Քելին Պելրինը։ Նա կարողացել է հաղթել մեքենային՝ օգտագործելով համակարգի թերությունը, որը նախկինում մեկ այլ համակարգիչ է հայտնաբերել: Ընդ որում՝ AI-ի հետ ուղիղ առճակատման ժամանակ նա առանց կողմնակի օգնության 15 խաղերից 14-ում հաղթել է։

Պելրինի կարծիքով՝ հաղթական ռազմավարությունը «ամենահեշտը չէ, բայց սուպերբարդ էլ չէ» եւ կհամապատասխանի միջին մակարդակի ցանկացած խաղացողի։ Այն ներառում է քարերի մեծ «օղակի» ստեղծում՝ հակառակորդի քարերի խումբը շրջապատելու համար՝ միաժամանակ տախտակի այլ մասերում շարժումներով շեղելով AI-ի ուշադրությունը:

2016 թվականին DeepMind-ի AlphaGo արհեստական բանականությունը հաղթել է աշխարհի չեմպիոն Լի Սեդոլին: Երեք տարի անց Սեդոլը ավարտել է իր կարիերան՝ հայտարարելով, որ «AI-ին չի կարելի հաղթել»: Այժմ, փորձագետներն ասում են, որ մեքենաներին շատ վաղ են գերմարդկային բանականություն վերագրել, եթե նրանց դեռ կարելի է խաբել: