Ստամբուլի ոստիկանությունը խիստ միջոցներ է ձեռնարկել քրդերի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, ովքեր ի նշան Իմրալը կղզում բանտարկված Աբդուլլահ Օջալանի հանդեպ կիրառվող մեկուսացմանը, փողոց էին դուրս եկել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում ոստիկանությունը չի թույլատրել հավաքված քրդերին՝ հայտարարությամբ հանդես գալ, իսկ նաստացույց իրականացնել ցանկացող կանանց դեմ արցունքաբեր գազ է օգտագործել: Արցունքաբեր գազից ուշագնաց է եղել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը, ով երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ: Նրան իր կուսակիցները տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանությունը բերման է ենթարկել նաեւ բողոքի ակցիա իրականացնել ցանկացող 120 հոգու:

Նշենք, որ արդեն 1 ամիս է՝ թուրքական իշխանությունները տարբեր պատճառաբանություններով  փաստաբաններին թույլ չեն տալիս հանդիպել Օջալանի հետ: Թուրքիայի մի շարք քաղաքներում քրդերը բողոքի գործողություններ են իրականացնում: