Հայ ազգային  կոնգրեսը WikiLeaks-ի հրապարակումները խիստ արժանահավատ է համարում եւ միաժամանակ նրանց, ովքեր հարցեր ունեն Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նարկոբիզնեսով զբաղվելու WikiLeaks-յան հրապարակման առնչությամբ, առաջարկում է կարդալ շատ հարգված անկախ մի փորձագետի՝ նման տեղեկությունները հերքող հետաքննությունը։ Այս մասին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց սեպտեմբերի 19-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Զուրաբյանը հրաժարվեց այս թեմայով հարցերի պատասխանել՝ կրկին խորհուրդ տալով կարդալ անկախ փորձագետի հրապարակումը, ուր նա նման թյուր տեղեկատվություն տարածելու եւ պրոֆեսինալիզմի պակասի մեջ մեղադրել է նաեւ  հայ լրագրողներին։ ՀԱԿ համակարգողն անդրադարձավ նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչին եւ մասնարվորապես այն փաստին, որ վերջինս Լեւոն Տեր-Պետրոսյանին սկսեց հարգել հատկապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ ՀԱԿ-ի շատ դրույթների ճշմարտացիությունը։ «Առաջին հերթին, դա հայ-թուրքական հարաբերությունների հարցն էր, երբ պարզվեց գործընթացի անմիջական կապը ղարաբաղյան հարցի հետ։ Եւս մի քանի հանգամանքներ ստիպեցին, որ Մարի Յովանովիչը սկսի հարգել ՀԱԿ առաջնորդին»,- նկատեց Զուրաբյանը՝ նշելով, որ ամերիկացիները չէին կարող համամիտ լինել եւ անվերապահորեն հարգել ընդդիմությանը, որը շատ հարցերում համամիտ չէր իշխանությունների հետ։ 

Նրա խոսքով, ՀԱԿ-ը Յովանովիչի հետ հակամարտություն վաստակեց նաեւ այն բանից հետո, երբ հայտարարեց, որ դեմ է հայ եւ թուրք պամաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծմանը։ «Նման փաստը ոչ միայն կասկածի տակ կդնի պատմական իրողությունը, այլ նաեւ կպայթեցնի հայ-թուրքական գործընթացը»,- նշեց Զուրաբյանը։

Նշենք, որ WikiLeaks-ի գաղտնազերծված որոշ փաստաթղթեր վերաբերվել են ՀԱԿ-ին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին, որոնցից մեկում նշվում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Տեր-Պետրոսյանին անվանել է «խորամանկ աղվես»: