Օսլոյի ոստիկանները սկսել են ձերբակալել բողոքող էկոակտիվիստներին, ովքեր մի քանի օր արգելափակում են կառավարական թաղամասի նախարարությունների մուտքերը, ձերբակալվածների թվում է շվեդուհի Գրետա Թունբերգը, նրան տարել են ակցիայի վայրից, հայտնում է NRK հեռուստառադիոընկերությունը։

Էկոակտիվիստներն արդեն մի քանի օր է՝ բողոքի զանգվածային ակցիա են անցկացնում բնիկ ժողովրդի բնակության վայրերում հողմակայանների կառուցման դեմ: Նրանք արգելափակում են տարբեր նախարարությունների մուտքերը Օսլոյի կառավարական թաղամասում, ինչի պատճառով աշխատակիցները շաբաթվա սկզբից աշխատում են տնից։ «Ժամը 09:29-ին ոստիկանությունը սկսել է դուրս բերել ցուցարարներին։ Ժամը 09:51-ին Գրետա Թունբերգին տարել են»,-հայտնում է NRK-ն։

Երեքշաբթի ակտիվիստները հավաքվել են ֆինանսների նախարարության ու առեւտրի եւ արդյունաբերության նախարարության շենքերի առջեւ,  չորեքշաբթի աշխատակիցները չեն կարողացել մտնել կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաեւ առեւտրի, արդյունաբերության եւ ձկնորսության նախարարություն: Նավթի եւ էներգետիկայի նախարար Տերիե Ասլանդը ակցիայի պատճառով չեղյալ է հայտարարել պլանավորված այցը Մեծ Բրիտանիա:

Նախօրեին ոստիկանությունն արդեն ցուցարարներին դուրս էր բերել կառավարական թաղամասից, սակայն նրանք վերադառնում են։ Հեռուստաընկերության լրագրողները նշել են, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացնում են մի քանի նախարարությունների մուտքերից։