Հնագետները Չինաստանի հյուսիսարեւմտյան Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում հայտնաբերել են հնագույն չմուշկներ։ Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարելով անհավանական գտածոյի մասին՝ հետազոտողներն ասել են, որ հնագույն չմուշկները ստեղծվել են ցլի եւ ձիու ոսկորներից, որոնք, հավանաբար, 3500 տարեկան են։

Չինաստանի, Մոնղոլիայի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հատման վայրում գտնվող Սինցզյանը լեռնային շրջան է, այն համարվում է լեռնադահուկային սպորտի հայրենիքը։ Ալթայի լեռնաշղթայում գտնված ժայռապատկերները, որոնք մոտ 10 000 տարեկան են, պատկերում են որսորդների, որոնք դահուկներով են, այն դեպքում, երբ այս շրջանում բնակվող ալթայցիները պահպանում են փայտե դահուկների ձեռքով պատրաստման ավանդույթները։

Վերջերս հայտնաբերված չմուշկները գտնվել են բրոնզե դարի Գաոթայի բնակավայրի ավերակներում, որոնք ավելի խոշոր՝ Ցզիժեն Թայգոուկոու բնակավայրի մի մասն են Իլի գետի հովտում։ Գաոթայի ավերակները՝ դամբարանային համալիրներ, որոնք զբաղեցնում են 120 քառակուսի մետր եւ բնակելի շրջան, տուն են հանդիսանում մ.թ.ա. 15-16-րդ դարերի նշանավոր հովվական ընտանիքի անդամների մնացորդների համար։

Չնայած պարզ չէ, թե արդյոք չմուշկներն օգտագործվել են որսորդության, տեղից տեղ տեղափոխվելու կամ այլ նպատակներով, հնագետները կարծում են, որ դրանք շատ նման են ոսկրե չմուշկների, որոնք գտնվել են Եվրոպայում։ Դա, նրանց խոսքով, ապացույցն է այն բանի, որ Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ բրոնզե դարում կապ է եղել։

Դամբարանի շուրջ հայտնաբերվել են փայտե սայլերի տասնյակ մասեր, այդ թվում 11 անիվ եւ ավելի քան 30 այլ մասեր՝ սայլակ, ծղխնի եւ այլն։ «Մենք կարծում ենք, որ կառքի այդ մասերը միտումնավոր դեն են նետել դրա տերերը դամբարան կառուցելու ժամանակ»,- մամուլի ասուլիսում ասել է պեղումների խմբի ղեկավար Ժուան Ցյուրոնգը։

«Մեր կարծիքով՝ կառքերն օգտագործվել են բարձր տեղանքում դամբարանի կառուցման ժամանակ։ (Դրանք) մասնատվել եւ միտումնավոր թաղվել են այն բանից հետո, երբ դրանք դեն են նետվել»,- ասել է Ցյուրոնգը։

Սինցզյանի մշակութային իրերի եւ հնագիտության ինստիտուտի տվյալներով՝ Գոաթայի ավերակները «բրոնզե դարի մեծ, բարձրակարգ քարե դամբարանների պահպանված մնացորդներ են, որոնք գտնվել են Սինցզյանում եւ ցամաքի եվրասիական հատվածում»։

Բացի չմուշկներից եւ սայլերի մասերից,  այստեղ հայտնաբերվել են նաեւ ավելի քան 500 մասունքներ, այդ թվում կավե ամանեղեն, քարե գործիքներ, կենդանիների ոսկորներ եւ բրոնզե իրեր։ Պեղումները շարունակելով՝ հետազոտողները հույս ունեն ավելին իմանալ Ալթայի լեռներում բրոնզե դարի թաղման մշակույթի եւ սոցիալական կառույցների մասին։