Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 22-ին, հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ Ստրասբուրգ):
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն ազատվել է այդ պաշտոնից եւ նշանակվել ԱԳ փոխնախարար:
Արմեն Պապիկյանը ծնվել է 1973թ-ի նոյեմբերի 22-ին, Երեւանում
Կրթություն
1990 -1995թթ. Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում:
1999 եւ 2001թթ Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ
Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր` Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա եւ ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա:
Աշխատանքային գործունեություն
1997 -1999թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետեւ երրորդ քարտուղար:
1999-2002թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար:
2002-2005թթ. Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Ժնեւ, Շվեյցարիա:
2002-2005թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար (նստավայրը՝ Ժնեւ):
2005-2007թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ:
2007-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական - առաքելության ղեկավարի տեղակալ, Վիեննա, Ավստրիա
2011թ-ից ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Երեւան:
2011թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ստրասբուրգ):
Դիվանագիտական աստիճանը` Խորհրդական
Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու երեխա:




























