«Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերին տիրապետող ռուսական ընկերությունը չի պատրաստվում իր բաժնետոմսերը վաճառել ֆրանսիական ընկերության: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայէլցանցերի» հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը նշեց, որ վաճառքի մասին խոսք չկա եւ այդ լուրերը ընդհանրապես անհիմն են:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ «Հայէլցանցերի» սեփականատեր ռուսական ընկերությունը մտադիր է իր բաժնեմասի 20 տոկոսը վաճառել ֆրանսիական ինչ-որ ընկերության, ընդ որում` որպես գործարքի ժամկետ նշվում է սեպտեմբերի 23-ը:
Նշվում էր նաեւ, որ ֆրանսիացիները տեւական ժամանակ է, ինչ ուսումնասիրում էին ՀԷՑ-երն ու ենթակայանները, դրանց հզորությունները եւ ընդհանրապես համակարգի ընդհանուր վիճակը: Այս գործարքը կապվում էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` հոկտեմբերի 4-ին Հայաստան կատարելիք այցի հետ:




























