Անցյալ տարվա մարտից Եվրամիությունն Ուկրաինայից արտահանել է 25 միլիոն տոննա հացահատիկ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Բացի այդ, նրա տվյալներով, Սեւ ծովի նախաձեռնության շրջանակներում արտահանվել է 22 մլն տոննա հացահատիկ։
Ստանոյի խոսքով, հակառակ ուղղությամբ այդ գծերով ուղարկվել է վառելիք, մարդասիրական օգնություն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։
Ավելի վաղ թուրքական TRT Haber հեռուստաալիքը հայտնել էր, որ Ուկրաինայից արտահանվող հացահատիկի 40 տոկոսը ուղարկվել է եվրոպական երկրներ, 30 տոկոսը՝ Ասիա, 12 տոկոսը՝ աֆրիկյան երկրներ, 13 տոկոսը՝ Թուրքիա, 5 տոկոսը՝ Մերձավոր Արեւելք։





























