Հայաստան ներկրվող մի շարք ապրանքներ, որոնք արտադրության համար որպես հումք են ծառայում, հենց սահմանին անհրաժեշտ է ազատվել ավելացված արժեքի հարկից։
Այս մասին ԱԺ-ում ապրիլի 5-ին Տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից, հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ ասել է հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։
Խոսքը, ըստ նրա, այն մթերքների մասին է, որոնք հիմնականում օգտագործվում են թռչունների կերակրման համար (եգիպտացորեն եւ սոյա)։ Փոխնախարարը մատնանշել է նաեւ թռչնամսի ինքնաապահովման ցածր մակարդակի մասին։
«Այս փոփոխությունները թույլ կտան տեղական արտադրողին բարձրացնել մրցունակության մակարդակը»,- նշել է Գեւորգյանը։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։





























