ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։

ՏԿԵՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը, պատվիրակության անդամները ծանոթացել են մաքսային գործընթացների իրականացմանը, անցակետի տեխնիկական հնարավորություններին, թողունակությանը։

Նախարարը տեղում ծանոթացել է անցակետի հնարավորությունների ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներին։

Նախարար Սանոսյանը հանդիպում է ունեցել նաև այդ պահին անցակետի տարածքում գտնվող հայ վարորդների հետ, քննարկել առկա խնդիրները։

Արձանագրվել է, որ Կազբեկի թունելի կառուցումը կնպաստի երթևեկության բարելավմանը և բեռնափոխադրումների իրականացմանը, իսկ անցակետի թողունակության ընդլայնումը կնպաստի մաքսային գործառնությունների արդյունավետ և արագ իրականացմանը։

Քննարկվել են բեռնատարների անցման գործընթացը դյուրինացնելու հետ կապված հարցերը, առկա խնդիրները, լուծման ուղիները։