Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) եւ ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումների զինծառայողները Հայաստանում ճնշել եւ ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական եւ հարվածային դրոնները։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

Բարձրլեռնային զորադաշտում ՌԷՊ մասնագետները ռադիոխանգարումների կայաններ են տեղակայել եւ փորձել խանգարել պայմանական հակառակորդի կապի համակարգերի աշխատանքը, կատարել են պայմանական հակառակորդի հետախուզական եւ հարվածային անօդաչու սարքերի հայտնաբերման առաջադրանքներ։

ՀՌՕ-ի զենիթահրթիռային ստորաբաժանման անձնակազմը ոչնչացրել է պայմանական հակառակորդի ցածր թռչող անօդաչու թռչող սարք հիշեցնող թիրախները բոլոր տեսակի զենքերով։

ՀՌՕ-ի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները նաեւ խոցել են պայմանական հակառակորդի թիրախները ձմեռային սեզոնի վերահսկիչ ստուգման օդային մարտի ժամանակ։

ՄիԳ-29 բազմաթիրախ կործանիչների օդաչուները ուսումնամարտական թռիչքների ընթացքում կատարել են օդային մարտի մղման հնարքներ, որսացել օդաչուավոր եւ անօդաչու միջոցներ, ինչպես նաեւ գրոհել պայմանական հակառակորդի ինքնաթիռները։

Ուսումնական թռիչքներից առաջ օդաչուներն ստացել են առաջադրանքներ, այդ թվում երիտասարդ սերնդի պատրաստման մասին, իսկ ինժեներատեխնիկական ծառայությունը մարտական մեքենաները պատրաստել է թռիչքի. իրականացվել է վառելիքի լիցքավորում, զննվել են սարքերը, հանգույցները եւ ինքնաթիռների այլ համակարգերը։

Հատուկ ուշադրություն է դարձվել օդաչուների փոխգործակցված աշխատանքին այլ ստորաբաժանումների հետ։

Ուսումնամարտական թռիչքներին մասնակցել է ՀՌՕ-ի ավելի քան 130 զինծառայող, գործադրվել է մոտ 25 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, այդ թվում բազմաթիրախ ՄիԳ-29 կործանիչներ։

ՀՌՕ-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ՀՌՕ-ի ինժեներային զորքերի մասնագետները Ալագյազի զորադաշտում կատարում են մի շարք հատուկ առաջադրանքներ, այդ թվում զորքերի ապահովման գծով։ Ինժեներ-սակրավորները տեղադրել են ականային-պայթուցիկ պատնեշներ եւ ոտքով հաղթահարել ականադաշտը՝ կիրառելով հատուկ տեխնիկա, «Կորշուն» ականորսիչներ, խուզարկու շներ, կատարել են օբյեկտների ականազերծում։

Զինվորական ինժեներները դաշտային պայմաններում ստորաբաժանումներին ապահովել են մաքուր ջրով եւ էլեկտրականությամբ։  Զինծառայողների տեղակայման վայրերում տեղակայվել են ջրի մաքրման համալիրներ, իսկ մշտական էլեկտրամատակարարման համար զինվորական ինժեներները կիրառել են տարբեր տեսակի էներգագեներատորներ։ Ավելի վաղ մասնագետները կատարել էին բնագծերի, դիրքերի եւ շրջանների ամրացում, հրամանատարական կետերի կահավորում՝ ՀՌՕ-ի ռազմակայանի ստորաբաժանումների խնդիրների կատարման համար։