Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սեպտեմբերի 24-ին, ընդունել է 2011թ. Ձյուդոյի եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողներ Գարիկ եւ Գոռ Հարությունյաններին` նրանց անձնական մարզիչ Նաիրի Մաթեւոսյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին եւ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանին եւ շնորհավորել նրանց: Նախարարի խոսքով, կարեւոր է, որ այդքան կարեւոր եւ աննախադեպ հաղթանակը տոնվել է Հայաստանի անկախության 20-ամյակի նախօրեին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, բանակի մարզական ակումբի շարքային Գոռ Հարությունյանը, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Գարիկ Հարությունյանը, նրանց անձնական մարզիչ Նաիրի Մաթեւոսյանը պարգեւատրվել են Վազգեն Սարգսյան մեդալով, իսկ հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանը հատուկ շնորհակալագրով:

Նախարարը ցանկացել է, որ առաջիկայում Քեփ-Թաունում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունում մեր մարզիկները մասնակցեն նույն հաջողությամբ: