44-օրյա պատերազմի մասնակիցը սիրելիին ամուսնության առաջարկ է արել հենց Զինվորի Տուն վերականգնողական կենտրոնում։

«Արամի կյանքը աղոթագրքի շնորհիվ էր փրկվել, որը ծոցագրպանում էր եղել: Աղոթագիրքն Արամը նվիրել էր  Զինվորի տանը, երբ այստեղ մատուռ բացվեց: Հենց այդ մատուռում՝ աղոթագրքի մոտ էլ  սիրելիին ամուսնության առաջարկ արեց»,- նշված է Զինվորի տան ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով նաև տեսանյութ։

Արամ Թերզյանը շնորհակալություն է հայտնել իր երկրորդ տանը. «Պատիվ ունեմ իմ կյանքի կարևոր որոշումը հենց ձեր հետ, հենց «Զինվորի Տան» աղոթքի անկյունում կայացնելու»։

Գյումրեցի Արամ Թերզյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանից վերադարձավ Հայրենիք եւ որպես կամավորական մեկնեց առաջնագիծ:

«Տնեցիք գիտեին, որ երբ վտանգված է հայրենի եզերքի խաղաղությունը, Արամը օտար հողում հանգիստ չի նստի, կշտապի միանալու հայրենիքի պաշտպաններին: Արամի ազատամարտիկ հայրն արդեն ճակատում էր, և տնեցիները թաքցրին Արամի անձնագիրը, ցանկանալով գոնե այդ կերպ նրան հետ պահել իր մտադրությունից:

Արամը երկվորյակ եղբոր՝ Սայաթի անձնագրով վերադարձավ ծննդավայր ու Գյումրու կամավորական ջոկատի կազմում մեկնեց սահմանաբերան՝ իր հետ տնից վերցնելով միայն Աղոթագիրքը.

-90-ականներին՝ Արցախյան ազատամարտի ժամանակ, հայրս մշտապես ծոցագրպանում էր պահել աղոթքների այդ գիրքն ու ողջ-առողջ տուն վերադարձել, ու երբ պատերազմ էի գնում, ես էլ որոշեցի Աղոթագիրքը հետս վերցնել: Մի անգամ մեզ քնապարկեր էին ուղարկել թիկունքից՝ մեջը խաչ: Խաչն էլ դրեցի Աղոթագրքիս մեջ ու պահեցի ծոցագրպանումս:

Հոկտեմբերի 10-ին, հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս, Արամը վիրավորվում է և հրաշքով ողջ մնում. թշնամու գնդակը սրտին չէր հասել՝ շնորհիվ ծոցագրպանում դրված Աղոթագրքի ու խաչի. գնդակը դիպել էր խաչին ու շեղել ուղղությունը՝ վնասելով թևը»,-գրել է hayzinvor.am-ը։