Արարատի մարգի Լուսաշող բնակավայրի հանդամասում ձին վրանի մոտ կապելու հարցի շուրջ տեղի ունեցած ծեծկռտուքի գործը քննվելու է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրանքի՝ Ռաֆիկ Մարտիրոսյանը նախորդ տարվա հուլիսի 13-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Արարատի մարգի Լուսաշող բնակավայրի «ժնջռլու» կոչվող հանդամասում ձին վրանի մոտ կապելու հարցի շուրջ վիճաբանել է Զարգանդ Ավետիսյանի հետ:
Ռաֆիկ Մարտիրոսյանը Զարգանդ Ավետիսյանի ձեռքում գտնվող՝ ձին կապելու համար նախատեսված պարանի ծայրին ամրացված մետաղյա ձողով հարվածել է որովայնին եւ կրծքավանդակին: Զարգանդ Ավետիսյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին արգելքը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 1-ին մասի (ֆիզիկական ներգործությունը) հատկանիշներով:




























