Պակիստանում երեքշաբթի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո դաժան բախումներ են բռնկվել անվտանգության ուժերի եւ նրա կողմնակիցների միջեւ, տեղեկացրել է ВВС-ն։

Բողոքներն ընդգրկել են ամբողջ երկիրը, մեկ մարդ զոհվել է Քվետա քաղաքում։

Խանը կալանավորվել է  անվտանգության ուժերի կողմից մայրաքաղաք Իսլամաբադի Բարձր դատարանում։

Տասնյակ ոստիկաններ կալանավորել են 70-ամյա Խանին, որին խցկել են ավտոմեքենան եւ տարել։

Երեքշաբթի երեկոյան Իմրան Խանի կողմնակիցները հավաքվել են Լոնդոնում Պակիստանի Գերագույն կոմիսարիատի առջեւ՝ ի նշան նրա ձերբակալության դեմ բողոքի։

Խանի մամուլի քարտուղար Ռաուֆ Հասանը ВВС-ի հարցազրույցում ասել է, որ «ամենավատ» բանն է սպասում եւ որ ձերբակալությունը կարող է երկիրը մատնել «քաոսի եւ անարխիայի»։

Խանի իրավաբանական թիմի անդամ Ռաջա Մաթինն ասել է, որ դատարանում նրա դեմ կիրառվել է չարդարացված ուժ։

«Խանը մտել է կենսաչափական սենյակ՝ կենսաչափական տվյալներ ստանալու համար։ Ռեյնջերները գնացել են այնտեղ, կոտրել ապակիները, մահակով հարվածել Խանի գլխին»,- ասել է Մաթինը։

Խանի «Թեհրիք-ի-Ինսաֆ» (PTI) կուսակցությունը բողոքի կոչ է արել իր կողմնակիցներին։ Նրա կալանավորումից մի քանի ժամ հետո տեղեկություններ են ստացվել բռնությունների մասին Լահոր, Կարաչի եւ Փեշավար քաղաքներում։

Իսլամաբադի փողոցներում ցուցարարները փակել են մայրաքաղաք տանող գլխավոր մայրուղիներից մեկը։

Մարդիկ կոտրել են փողոցային նշանները, խարույկներ վառում եւ քարեր նետում։

Ցուցարարները հայտարարել են, որ իրենց զայրացրել է Իմրան Խանի ձերբակալությունը։

Իսլամաբադի ոստիկանությունը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ հինգ ոստիկան վիրավորվել է, 43 ցուցարար՝ ձերբակալվել։

ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան Պակիստանին «օրենքի գերակայությանը« հետեւելու կոչ են արել։

Իմրան Խանն այսօր դատարանում ասել է, որ կոռուպցիայի դեմ մեղադրանքը քաղաքականացված է։

Խանը վարչապետի պաշտոնից հանվել է անցած տարվա ապրիլին եւ այդ ժամանակվանից արտահերթ ընտրությունների քարոզարշավ է վարում։

Համընդհանուր ընտրությունները պետք է կայանան այս տարի ավելի ուշ։