«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին խնդրել է գալ Դոնբաս, ուկրաինական Բախմուտ քաղաք, որտեղ վերջին ամիսներին ճակատի գծի ամենադաժան մարտերն են մղվում։ Գործարարի ուղերձը մայիսի 12-ի առավոտյան հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով օպերատիվ իրավիճակը, ինչպես նաեւ մարտական գործողություններ վարելու ձեր բազմամյա փորձը, խնդրում եմ ձեզ գալ Բախմուտ բնակավայրի տարածք, որը գտնվում է ՌԴ ռազմականացված ստորաբաժանումների վերահսկողության ներքո, եւ անձամբ գնահատել ստեղծված իրավիճակը»,- գրել է Պրիգոժինը։
Նամակում նաեւ նշվել է, որ ներկայում «Վագներ» ՄՌԸ-ի զինվորները վերահսկում են Բախմուտի ավելի քան 95 տոկոսը եւ շարունակում են հարձակումը, սակայն թեւերում, որտեղ գտնվում են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, «հակառակորդը նախաձեռնել է մի շարք հաջող հակագրոհներ»։
Նախօրեին Պրիգոժինը հայտարարել էր, որ ՌԴ կանոնավոր բանակի ստորաբաժանումները Բախմուի մոտ առանց մարտի հանձնում են իրենց դիրքերը։
Եվգենի Պրիգոժինը վերջին մի քանի օրում հրապարակայնորեն վիճում է ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ Մայիսի սկզբին նա տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայհոյում էր ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությանը՝ պահանջելով «Վագներին» տրամադրել զինամթերքներ, իսկ հետո սպառնացել էր, որ իր խմբավորումը կհեռանա Բախմուտից։
Մայիսի 9-ին Պրիգոժինը հայտարարել է, որ պաշտպանության նախարարության բրիգադը փախել է քաղաքի ռազմավարական պլացդարմից։ Նույն օրը ուղերձներից մեկում նա հիշատակել է ոմն «երջանիկ պապիկի», որից կախված է Ռուսաստանի ապագան, եւ որը «կարծում է, թե իր համար լավ է», այն դեպքում, երբ նա կարող է «կատարյալ տխմար» լինել։





























