Լատինական Ամերիկայից ռեկորդային թվով միգրանտներ փորձում են հատել ԱՄՆ սահմանը՝ կապված մայիսի 11-ին արտակարգ դրության ռեժիմի ավարտի հետ, որը մտցվել էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ, տեղեկացրել է The Washington Post թերթը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ այս շաբաթ սահմանի անլեգալ հատումների թիվն ամեն օր գերազանցել է 10 հազարը։ Թերթը նշել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ The Washington Post-ն այս երեւույթը կապում է արտակարգ դրության ռեժիմի ավարտի հետ, որը մտցվել էր Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից։
Թերթը նշել է, որ միգրանտներն այժմ սխալմամբ կարծում են, թե կարող են անխոչընդոտ հատել սահմանը։ Պարբերականը միգրանտներին անվանել է «ապատեղեկացվածներ»։
«Նրանք հավատում են, որ երբ ավարտվի [ռեժիմի] գործողությունը, ԱՄՆ դռները կբացվեն, եւ իրենք կկարողանան հատել սահմանը։ Բնավ այդպես չէ»,- պարբերականը մեջբերել է միգրանտներին օգնող Pan de Vida կազմակերպության տնօրեն Սեւերինո Մարտինես Սանտյագոյին։





























