ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը, ինչպես սպասվում է, պաշտոնը կթողնի ամռանը։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի «առաջիկա օրերին»։ Առայժմ հայտնի չէ, թե ով կզբաղեցնի պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը Շերմանի հեռանալուց հետո։ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը Շերմանի թեկնածությունն ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում հաստատել է 2021թ. ապրիլին։ Նա առաջին կինն է, որը նշանակվել է այդ պաշտոնին, նշել է CNN-ը։
Ինչպես նշել է CNN-ը, Շերմանը պետդեպարտամենտում կարեւոր պաշտոն է զբաղեցնում, նա զբաղվում է «կարեւոր արտաքին քաղաքական նպատակներով եւ մարտահրավերներով», այդ թվում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերություններով։ 2022թ. հունվարին Շերմանն ԱՄՆ-ի կողմից Ժնեւում մասնակցել է ռազմավարական կայունության ռուս-ամերիկյան բանակցություններին։ Ռուսաստանն այդ բանակցություններում ներկայացնում էր փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։





























