ԵՄ արտաքին գործերի նախարարներն ուրբաթ կհանդիպեն Ստոկհոլմում՝ Չինաստանից Եվրոպայի կախվածությունն իջեցնելու ընդհանուր մոտեցումը քննարկելու համար։ Փորձ կարվի նաեւ Պեկինին համոզել ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցում, գրել է BBC-ն։

Այս շաբաթ ավելի վաղ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել է, որ Բրյուսելի եւ Պեկինի հարաբերությունները դառնում են ավելի կոշտ, քանի որ «մրցակցությունը Չինաստանի կողմից ուժեղացել է»։

Չինաստանի դժգոհությունը հարկադրել է ԵՄ-ին սահմանափակել ութ չինական ընկերություններին զգայուն տեխնոլոգիաների տրամադրումը, որոնց կասկածում են այն բանում, որ այդ ընկերությունները դրանք մատակարարում են Ռուսաստան։

Այս շաբաթ կատարած եվրոպական շրջագայության ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը նախազգուշացրել է, որ Պեկինը պատասխան միջոցներ կկիրառի, եթե ԵՄ-ն պատժամիջոցներ մտցնի։

Բեռլինում Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ կայացած երկժամյա հանդիպումից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Չինաստանը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի հակամարտությունը դադարեցնելու համար։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան եւս Ցինի հետ հանդիպման ժամանակ խոսել է այն մասին, որ Չինաստանը պետք է կարեւոր դեր խաղա գլոբալ խաղաղության եւ կայունության գործում։

Ստոկհոլմյան հանդիպումը որեւէ կոնկրետ որոշման ընդունում չի նախատեսում, նշել է AFP-ն, բայց նրա մասնակիցները լիահույս են, որ բանակցությունները կօգնեն ԵՄ-ին ավելի միասնական լինել խնդիրները հաղթահարելու գործում, որոնք ստեղծում է Պեկինը։