Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացրել Սոլեդարի մարտավարական ուղղությամբ՝ մարտական շփման գծի ողջ երկայնքով, որի երկարությունը կազմում է ավելի քան 95 կմ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ուկրաինայի զինված ուժերը ձեռնարկել են 26 հարձակում, որոնց մասնակցել է ավելի քան հազար զինծառայող եւ մինչեւ 40 տանկ։ Բոլոր գրոհները հետ են մղվել, պաշտպանությունը չի ճեղքվել, հայտարարել է պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ զոհվել է ավելի քան 540 ուկրաինացի զինվորական, խոցվել է ութ տանկ եւ ավելի քան 20 միավոր այլ տեխնիկա։

Մարտերը շարունակվել են նաեւ Բահմութի արեւմտյան մասում (Արտեմովսկ), օդային ուժերի ստորաբաժանումները «կասեցնում են զինված ուժերի հակագրոհի փորձերը»։

Մայիսի 12-ին կայացած ճեպազրույցում գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական բանակը «նոր բնագիծ» է զբաղեցրել Բերխովի ջրամբարի մոտ՝ «հաշվի առնելով դրա բարենպաստ պայմանները», հայտնում է պաշտպանության նախարարության «Звезда» հեռուստաալիքը: 

Փաստացի դա նշանակում է նահանջ Բոգդանովկայի շրջանում։ Ավելի վաղ դրա եւ Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացման մասին հայտնել էին «Վագներ» ռուսական ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը, ռուս ռազմական բլոգերները եւ ուկրաինական բանակը:

Իր հերթին, Ուկրաինայի Զինված ուժերի զորքերի արեւելյան խմբավորման խոսնակ Սերգեյ Չերեվատին տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է, որ այսօր մարտերում զոհվել է մոտ 200 ռուս զինծառայող, ոչնչացվել է ռազմամթերքի 5 դաշտային պահեստ Բահմութի շրջանում: 

Նա նշել է, որ ռազմի դաշտում նկատվում են ռուսական զինուժի հյուծման նշաններ։ «Այդ հյուծման առաջին նշանը Պրիգոժինի գրեթե ամենօրյա հայտարարություններն են։ Բահմութը մնում է մարտական գործողությունների էպիկենտրոնը։ Այնտեղ 40 մարտական բախում է տեղի ունեցել։ Մեր ստորաբաժանումների հակահարձակողական գործողությունների եւ գրոհների արդյունքում, պաշտպանական գործողության շրջանակներում, թշնամին հետ է շպրտվել 250 մետրից մինչեւ 1,5 կմ հեռավորության վրա: Ուստի, կարելի է ասել, որ մեր պաշտպանական գործողությունը շարունակում է հաջող լինել եւ հասնում է իր գլխավոր նպատակներից մեկին՝ հակառակորդի մարտական հնարավորությունների թուլացմանը։