Արեւմտաաֆրիկյան Մավրիտանիա պետությունում շաբաթ օրն ընտրողներն սկսել են քվեարկել օրենսդիր եւ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններում՝ 2019թ. նախագահ Մոհամեդ Ուլդ Գազուանիի իշխանության գալուց հետո, տեղեկացրել է AFP-ն։
Գազուանին, որը բռնությամբ համակված Սախելում համեմատական կայունություն է ապահովել Մավրիտանիայում, կփորձի վերընտրվել եկող տարի, չնայած նա չի հաստատել իր պլանները։
Նրա El Insaf կուսակցությունը 25 կուսակցություններից, որոնք պայքարում են 1,8 մլն ընտրողների աջակցությունն ստանալու համար, հաղթելու հնարավորություն ունի։ Ընտրողները պետք է ընտրեն խորհրդարանի 176 անդամի, ինչպես նաեւ 15 տարածաշրջանային խորհուրդներ եւ 238 ինքնակառավարման խորհուրդներ։
Գազուանիի կուսակցությունը միակն է, որը թեկնածուներ է առաջադրել բոլոր ընտրատեղամասերում, ինչը, հավանաբար, գերազանցություն է տալիս նրան, հատկապես գյուղական ընտրողների շրջանում։
El Insaf-ի գլխավոր մրցակիցներն են Tewassoul իսլամիստական շարժումը՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանում, եւ արաբական ազգայնական «Սավաբ» կուսակցությունը։
Քվեարկության առաջին փուլի արդյունքները կլինեն ընտրատեղամասերի փակվելուց 48 ժամ հետո։ Երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 27-ին, Ազգային ժողովի 176 տեղերի կեսի համար։
66-ամյա Գազուանին գեներալ է, Մավրիտանիայի հաջողությունը կերտողներից մեկը ջիհադականության դեմ պայքարում, նախկինում զբաղեցրել է բանակի պետի պաշտոնը։
Երկրի բնակչությունը բաժանվում է արաբա-բերբերական մավրերի, ստրուկների աֆրոմավրիտանական սերունդների եւ աֆրիկյան այլ խմբերի, որոնք ծագումով Սահարայի հարավից են։
Գազուանին աղքատության դեմ պայքարը դարձրել է իր առաջնահերթություններից մեկը՝ իրականացնելով հավակնոտ սոցիալական ծրագիր, որը ներառում է սննդամթերքների եւ դրամական միջոցների բաշխումը բնակչության աղքատ շերտերի միջեւ։
Բայց տնտեսությունը կորոնավիրուսի համավարակից հետո դանդաղեցրել է զարգացման տեմպը, իսկ գնաճն Ուկրաինայում պատերազմի պատճառով առաջին պլան է մղել կյանքի արժեքի խնդիրները։
«Թեւասուլայի» իսլամականները փորձում են հասնել իսլամական օրենքների կիրառման, եւ սպասվում է, որ նրանք նորից կդառնան գլխավոր ընդդիմադիր խումբը խորհրդարանում։





























