Եվրամիությունը պետք է արագացնի զինամթերքների մատակարարումն Ուկրաինա, քանի որ միայն Բախմուտի շրջանում երկրի զորքերին ամեն օր 1 000 հրետանային արկ է պետք, շաբաթ օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, տեղեկացրել է Reuters-ը։

Բորելի խոսքով՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԵՄ գործընկերներին Ստոկհոլմի հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Կիեւին լրացուցիչ աջակցություն է պետք։

«Բախմուտ քաղաքի շրջանում՝ երկրի արեւելքում, օրական մոտ 1 000 հրետանային արկ է պետք»,- ասել է Բորելը լրագրողների հետ հանդիպումից հետո։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է ԵՄ-ն արագացնել մատակարարումները, Բորելն ասել է, որ անդամ երկրները  «պետք է փորփրեն սեփական պաշարները եւ հաղթահարեն լոգիստիկ դժվարությունները»։

Բորելը նաեւ նշել է, որ Ուկրաինան հեռահար գործողության զինամթերքների կարիք ունի, «որովհետեւ ռուսները հեռվից են ռմբակոծում»։

«Ուկրաինացիները պետք է հնարավորություն ունենան հասնելու... նույն հեռահարության»,- ասել է նա։

Հանդիպումից առաջ ելույթ ունենալով՝ Կուլեբան ասել է, որ հեռահար գործողության հրետանային զինամթերքները լինելու են ուշադրության կենտրոնում։

Մարտին ԵՄ անդամ երկրների նախարարները հավանություն էին տվել 2 մլրդ եվրո արժողությամբ պլանին՝ Ուկրաինա 1 մլն հրետանային զինամթերքներ  եւ հրթիռներ մատակարարելու մասին 12 ամսվա ընթացքում։

Պլանը նախատեսում է, որ ԵՄ երկրները արկեր կմատակարարեն սեփական պաշարներից եւ համատեղ կտեղակայեն նոր պատվերները։