2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված և դրան առնչվող հանցագործությունների դեպքերով 65 անձի վերաբերյալ ՀՀ դատարաններն արդեն իսկ կայացրել են մեղադրական, իսկ 1 անձի նկատմամբ՝ արդարացման վերդիկտ։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ իրավապահ մարմնից ստացված տվյալները վերաբերվում են 2020թ․ պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերին, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվել են նախկին՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (ուժը կորցրել է 2022թ․ հուլիսի 1-ին):
Այսպես․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) ՀՀ քրեական օրենսգրքի (18.04.2003 թ․ ընդունված) 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), 363-րդ հոդվածի 5-րդ մասով (անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը), 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ, հարուցվել է 1834 քրեական վարույթ՝ 10735 անձի վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում, ներկայում նախաքննական մարմնի վարույթում վերոնշյալ հոդվածներով քննվում է 251 քրեական վարույթ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը արձանագրված դեպքերով հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 120 գործ՝ 145 անձի վերաբերյալ, որից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ դասալքության, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը դադարեցնելու և 19 գործ՝ 39 անձի վերաբերյալ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասով:
Դատարան ուղարկված 120 գործից 60 գործով՝ 66 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է և կայացվել են դատական ակտեր: Ընդհանուր դատաքննությունն ավարտված 66 անձի վերաբերյալ 60 գործերից 1-ով 1 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման վերդիկտ, 59 գործով 65 անձի վերաբերյալ՝ մեղադրական վերդիկտ:
Նշենք, որ վերդիկտը մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետևությունն է։ Վերդիկտ կայացնելուց հետո անցկացվում են լրացուցիչ դատալսումներ՝ մեղադրյալի պատժի, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման և վերաբերելի այլ հարցերը լուծելու նպատակով: Լրացուցիչ դատալսումների արդյունքում դատարանը կայացնում է դատավճիռ: Այս հասկացությունը սահմանված է 2022թ․ հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում։




























