Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 80 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Այդ 80-ից մեկը խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրն է։ 

«Մուլտի Ռեստ Հաուսը» տուգանվել է 250 հազար դրամով։ Ցուցակում ներառված են նաև ավելի մեծ չափերով տուգանված ավելի փոքր ձեռնարկություններ (օրինակ՝ «Հայ Սիրուն» ընկերությունը տուգանվել է 2 մլն դրամով, այսինքն՝ 5000 դոլարից մի փոքր ավելի)։

Նշենք, որ մի քանի տարի առաջ Հայաստանում փոփոխվել են առանց գրանցման աշխատողների աշխատանքի տեղավորման տուգանքները։ Նախկինում դրանք տատանվում էին 60-600 հազար դրամի սահմաններում յուրաքանչյուր ստվերային աշխատողի համար՝ կախված նրանց թվից։ 2018 թվականին յուրաքանչյուր աշխատողի համար տուգանքը սահմանվել է 250 հազար դրամ՝ անկախ նրանց թվից։ Այսպիսով, Ծառուկյանի ձեռնարկությունում հայտնաբերվել է մեկ չգրանցված աշխատող։

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 32 մլն դրամի չափով տուգանք: