Ահազանգեր ենք ստանում ծնողներից, որոնք արդարացիորեն մտահոգված են դպրոցներում իրականացվող դրամահավաքների առնչությամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին  մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Բնականաբար, մեր կողմից միջոցներ են ձեռնարկվում այդ գործընթացների վերահսկողության և նմանատիպ երևույթները բացառելու համար: Այդուհանդերձ, շատ հաճախ նախաձեռնությունը հենց ծնողներինն է լինում:

Հասկանալի է՝ յուրաքանչյուր ծնողի համար տոն է իր երեխայի թե՛ դպրոց ընդունվելը, թե՛ դպրոց ավարտելը: Բայց պետք է հասկանալ՝ արդյոք դա բովանդակայի՞ն տոն է, ու պետք է ուրախանալ և արձանագրել երեխայի հաջողությունը, թե՞ պետք է դա վերածել խնջույքի: Այստեղ նաև գործընթացն արժևորելուն և այն համապատասխան կերպով կազմակերպելուն է վերաբերում, ինչում ծնողները մեծ դերակատարություն ունեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ առաջնային խնդիրը հանրային գիտակցության փոփոխությունն է, որպեսզի բացառվեն անհարկի, կրթության բովանդակությանը ոչ հարիր միջոցառումները:

Նրա խոսքով՝ ուսումնական տարվա ավարտին ընդառաջ նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել հանրակրթական դպրոցներ՝ դրամահավաքները բացառելու հորդորով ու պահանջով: Ինչ վերաբերում է ահազանգերին հետևողական լինելուն, Արաքսիա Սվաջյանն ընդգծել է. «Այս պահին հստակ վիճակագրություն չեմ կարող ներկայացնել, թե քանի դպրոցում և որքան գումար է հավաքվում, բայց միանշանակ է՝ չի եղել որևէ հայտ կամ բողոք, որը նախարարությունը ստացել է և հետևողական արձագանք ցույց չի տվել»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նոր դասագրքերի ստեղծման մասին