Քաղաքացիական օրենսգիրքը կատարյալ չէ եւ բնակելի համալիրների կառուցման դեպքում օրենքում որոշակի բացեր կան, մասնավորապես, հողերը լինում են բաժնային կամ համատեղ սեփականություն, որը հետագայում յուրաքանչյուր շահառուի կողմից իր գույքը տնօրինելու ժամանակ լուրջ օրենսդրական խնդիրներ է առաջացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը:

Նշենք, որ մայիսի 17–ին Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Հուշագրի ստորագրումից հետո կառուցապատողներն ու նոտարները քննարկեցին ոլորտի հիմնական խնդիրները։

«Շահառուների համար խնդիրներ են առաջանում, երբ կառուցապատողները վերջնաժամկետին չեն ավարտում իրենց կառույցները: Կան կառուցապատողներ, որ ընդհանրապես գնում են սնանկության եւ քաղաքացին մնում է ձեռնունայն:

Մյուս խնդիրն այն է, որ կառուցապատման ժամանակ կառուցապատողներն արգելում են շահառուին իրենց գնելու իրավունքը օտարել, մինչդեռ օրենքը հստակ այդ իրավունքը տալիս է շահառուին: Կառուցապատողները երբեմն չեն համաձայնում, սկզբնական պայմանագրում ամրագրում են նորմ, որ առանց իրենց համաձայնության չի կարող օտարվել այդ գույքը, ինչը առաջացնում է քաղաքացիների սահմանադրական իրավունքի խախտում»,-ասաց նա:

Հարցին, թե եթե կառուցապատողը սահմանված ժամկետի մեջ չի տեղավորվում, ի՞նչ կարող է անել գնորդը, կարո՞ղ է հրաժարվել պայմանագրից եւ հետ պահանջել իր գումարները, Լիլիթ Մուրադյանը պատասխանեց. «Նայած ինչպես է պայմանագիրը կնքված, այնտեղ կան նաեւ ուշացնելու դեպքում տույժ-տուգանքներ սահմանված: Մենք ունենք օրենքին եւ իրավունքին ծանոթ շատ շահառուներ, որոնք  իրենց տույժ տուգանքները ստանում են դատական ճանապարհով»: