Մենք համաձայնություն ենք տվել ռուս սահմանապահների տեղակայմանը, բայց դա չի նշանակում, որ այդ տեղակայումը կոնկրետ վայրերում պետք է հավերժ լինի։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերի բոլոր գործողությունները պետք է համաձայնեցվեն Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ:
Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, որ ռուս սահմանապահները մեծածավալ աշխատանքներ են իրականացնում Մեղրիի մոտ, ՀՀ վարչապետը տեղեկացրեց նաեւ այդ գործողությունները ստուգելու ծրագրերի մասին: «Եթե այդ գործողությունները լինեն համաձայնեցվածի շրջանակներից դուրս եւ մարտահրավերներ պարունակեն Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության տեսանկյունից, մենք այդ հարցը կքննարկենք։ Տեղական իշխանությունները եւ կառավարությունը պետք է համաձայնություն տան: Մենք, ելնելով իրավիճակից, բոլոր հարցերը մանրամասն կքննարկենք ռուս գործընկերների հետ»,-նշեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ չի կիսում այն կարծիքը, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ թշնամական բնույթ է կրում։ «Մենք ամեն ինչ պետք է անենք հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար»,-եզրափակեց նա։





























