Երկրի, ժողովրդի, պետության թիրախավորումը շատ տհաճ գործընթաց է։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանեց, որ այդ հարցը պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի գործընկերների հետ։ «Մեզ ասացին, որ ռուսական լրատվամիջոցներն ազատ են, եւ նրանց ազատությունը սահմանափակելու հնարավորություն չկա։ Մենք ի գիտություն ընդունեցինք այս դիրքորոշումը։ Սա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում քննադատում են Հայաստանի իշխանություններին, թե ինչու է իշխանությունը ձեւացնում, թե չի նկատում այս կամ այն գնահատականը եւ թույլ է տալիս ազգային մուլտիպլեքսում, այսինքն՝ Հայաստանի հարկատուների հաշվին, Հայաստանի դեմ քարոզչություն իրականացնել։
Նա վստահեցրեց, որ Հայաստանի կառավարության վրա քաղաքացիների կողմից ճնշումներն աճում են։ «Ռուսաստանը նույնպես նման հարցեր է բարձրացնում, եւ մեր գնահատականն այն է, որ մեր լրատվամիջոցներն ազատ են։ Սա իսկապես այդպես է, ինչը մեզ համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։ Մյուս կողմից, մենք չենք ցանկանում վնասել լրատվամիջոցների ազատությանը, հաշվի առնելով, որ Հայաստանն այս ուղղությամբ առաջընթաց է գրանցում»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։
Փաշինյանը հայտնեց մոտ ապագայում ռուս-հայկական մեդիա ֆորում անցկացնելու ծրագրերի մասին։




























