Գայանե Մարտիրոսյանի գործը դեռ հինգերորդ օրն է ընթանում, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն փաստեց, մեղադրական դատական ակտը կայացրեց,  վերջակետ դրեց այս գործում ընդհանրապես իրավական որևէ գործընթացի՝ նշելով, որ տեղի է  ունեցել առևանգում։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ խոսելով ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» հայտարարությունների մասին։

Փաստաբանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չպետք է նման արտահայտություններ անի, անմեղության կանխավարկածը խախտի, քանի որ դեռևս որևէ մեկը՝ ոչ քննիչը, որ դատախազը, ոչ դատարանը չեն կարող փաստել՝ տիկին Մարտիրոսյանը  կատարե՞լ է  այդ հանցագործությունը, թե՞ չի կատարել․

«Այս պահին մենք ունենք ընդամենը կասկած, դրա վերաբերալ մեղադրանք։ Անձի  մեղավորությունը հաստատվում է  մեղադրական դատական ակտով։ Պետք է զերծ մնալ նմանատիպ  արտահայտություններից, քանի որ մեր բոլոր հույսերն այս գործի հետ կապված, կմարեն»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։