Հայաստանում պաշտոնապես հաշվառված թմրամոլների թիվը թեև գերազանցում է ալկոհոլային կախյալների թվին, իսկ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները մեր երկրում շեշտակիորեն աճում են, այսօր ոստիկանների տեսադաշտում են հայտնվում և պատասխանատվության ենթարկվում միայն ոչ սթափ վիճակում գտնվող այն վարորդները, որոնք տրանսպորտային միջոց են վարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում։ NEWS.am-ը նման եզրահանգման է եկել՝ համադրելով գրավոր հարցումներին ի պատասխան իրավասու պետական մարմիններից ստացված վիճակագրական տվյալները, ինչպես նաև անկախ փորձագետների կարծիքները։
Նշենք, որ «Ճանապարհային երթևեկության ապահովման մասին» ՀՀ օրենքով՝ ոչ սթափ վիճակ է համարվում ոչ միայն ալկոհոլային խմիչքի, այլև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի oգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակը, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Թմրամոլ վարորդները ՃՈ տեսուչների և պարեկների տեսադաշտում չե՞ն հայտնվում
NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ պարզելու, թե 2021թ․, 2022թ․ և 2023թ․ առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում քանի՞ վարորդ է հայտնաբերվել ոչ սթափ վիճակում, նրանցից քանի՞սն են եղել ալկոհոլային խմիչքի, քանի՞սը թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ, իրավախախտման համար քանի՞սն են ենթարկվել վարչական պատասխանատվության, ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե նշված ժամանակահատվածում քանի՞ վարորդի մոտ է բժշկական փորձաքննությամբ հիմնավորվել արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը։
Ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնել են, որ 2021-2023 թվականների ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ճանապարհապարեկային ծառայության անձնակազմի կողմից կազմվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու ավելի քան 6843 արձանագրություն, որից 23-ը սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելու համար: Նշենք, որ սթափության վիճակի վերաբերյալ գործող կարգի համաձայն, եթե վարորդը խուսափում է ոստիկանության ծառայողի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա զննությունն իրականացվում է բուժհաստատության կողմից։ Սա նշանակում է, որ ոչ սթափ վիճակում հայտնաբերված վարորդների նկատմամբ ոստիկանության ծառայողի կողմից արձանագրությունների մեծ մասը կազմվել է տեղում՝ վարորդի արտաշնչած օդի միջոցով։
Նշենք, որ ոստիկանության տրամադրած տվյալները վերաբերվում են բացառապես ոչ սթափ վիճակում հայտնաբերված վարորդների նկատմամբ կազմված արձանագրություններին․ մինչդեռ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերն անհամամեմատ մեծ են։
Օրինակ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության կողմից միայն 2023թ․ առաջին չորս ամիսների ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելիս հայտնաբերվել է 3798 վարորդ, մինչդեռ արդյունքում կազմվել է ընդամենը 224 արձանագրություն, որից 2-ը՝ սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելու համար: 2022 թվականի նույն ժամանակահատվածում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելիս հայտնաբերվել է 9319, իսկ 2021թ․ առաջին չորս ամիսներին՝ 1997 վարորդ։
Իրավապահ մարմնից ստացված պատասխանից պարզ է դառնում նաև, որ վերջին տարիներին թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարող անձինք ոստիկանության տեսադաշտում չեն հայտնվել, կամ էլ իրավապահները չեն ունեցել բավարար հիմքեր՝ այդ վարորդների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ կազմելու համար։
«Տեղեկացնում ենք, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպք, ինչի պատճառը թմրամիջոցի ազդեցությունն է, նշված ժամանակահատվածում չի հայտնաբերվել»,-ասված է ՆԳՆ-ի պատասխանում։
Հաշվառված թմրամոլներն ավելի շատ են, քան ալկոհոլային կախյալները
Ուշագրավ վիճակագրական տվյալներ ենք ստացել նաև ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնից։ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը հայտնեց, որ 2023թ․ հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետւթյունում հաշվառված է 6327 անձ՝ հոգեկան և վարքի խանգարումներ՝ առաջացած ալկոհոլի օգտագործումից ախտորոշումով, որից 113-ը կին, իսկ 7612 անձ՝ հոգեկան և վարքի խանգարումներ՝ առաջացած թմրանյութերի օգտագործումից ախտորոշումով, որից 151-ը կին։ Ըստ նույն աղբյուրի՝ 2022թ․ ընթացում Կենտրոնում 1177 պացիենտ ստացիոնար բուժում է ստացել ալկոհոլային կախվածությունից, իսկ 89-ը՝ թմրանյութերից։ Ստացվում է, որ ՀՀ-ում պաշտոնապես հաշվառված թմրամիջոցային կախյալների թիվը 1285-ով ավելի է ալկոհոլային կախյալների թվից։ Այս ցուցանիշներին, եթե համադրենք Հայաստանում վերջին երկու տարում արձանագրված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների դեպքերի կրկնակի աճը, պարադոքսալ պատկեր կստանանք։
Այսպես․ գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 2266 դեպք, որը 772-ով կամ 44.7%-ով ավելի է 2021-ին արձանագրված դեպքերից և 1040-ով կամ 84,8%-ով ավելի՝ 2020թ․ ցուցանիշից։
Տարբեր մասնագետների գնահատմամբ՝ իրական՝ ոչ պաշտոնական ցուցանիշները հնարավոր է մի քանի անգամ գերազանցեն հրապարակված տվյալներին։
Երթևեկության համար խմած վարորդից ոչ պակաս վտանգավոր է թմրանյութ օգտագործած վարորդը
Այսօր մեր երկրում շատերը սթափության վիճակը կապում են հիմնականում ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքի հետ, մինչդեռ երթևեկության անվտանգության ապահովման, երթևեկության մասնակիցների, ինչու չէ նաև անցորդների համար ալկոհոլ օգտագործած վարորդից ոչ պակաս վտանգավոր են թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարող անձինք։ Ամենաթարմ օրինակը Հանրապետության հրապարակում «Համեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հասարարակական կարգը խախտելու, պարեկների հրահանգներին չենթարկվելով մեկ տասնյակից ավելի մեքենաներ վնասելու դեպքն է, որի ժամանակ ըստ իրավապահների՝ «Համեռի» վարորդը եղել էր թմրանյութի ազդեցության տակ։ Այս դեպքը բուռն արձագանք ստացավ համացանցում՝ հանդիսանալով պարեկային ծառայության գործունեության արդյունավետությունը կասկածի տակ դնելու պատճառ։ Նկատենք, որ ոստիկաններին մոլորեցնող հավանական թմրամոլը կմնար չբացահայտված, եթե վարորդը բացահայտ իրավախախտում չկատարեր և կատարվածը հանրային հնչեղություն չստանար։ Մինչդեռ քանի՞ նման դեպք կկանխվեր, եթե վարորդների սթափության վիճակը որոշելիս հնարավոր լիներ պարզել նաև անձի՝ թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը։ Արդյոք հնարավո՞ր է կամ ճի՞շտ է այս հանգամանքը պարզել տեղում, այն էլ ոստիկանության ծառայողի կողմից։
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի քիմիական (կենսաքիմիական) փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ, թմրաբան Յուրի Սիմոնյանի կարծիքով՝ իրավախախտում կատարած վարորդի սթափության աստիճանը պետք է որոշի ոչ թե ոստիկանության տեսուչը կամ պարեկը, այլ այդ գործընթացը պետք է իրականացվի բժշկական վկայարկման միջոցով։ Խոսքը բժշկական հաստատությունում անցնող համապատասխան հետազոտության մասին է։ Ըստ թմրաբանի՝ միայն այս եղանակով հնարավոր կլինի ճշգրիտ պարզել վարորդի մոտ ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի առկայությունը կամ բացակայությունը և ըստ այդմ կգնահատվի նաև տվյալ անձի բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտությունը։
«Ինչպես ալկոհոլը, այնպես էլ թմրանյութը բացասաբար է ազդում մարդու ռեակցիայի և որոշումների կայացման արագության վրա, ինչը ճանապարհին կարող է լուրջ վթարի կամ նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Թմրանյութ օգտագործած անձի մոտ հաճախ կարող է դիպլոպիա (երկտեսություն) առաջանալ և այդ վիճակում վարորդը չի կարող ժամանակին և համարժեք գնահատել ճանապարհային իրավիճակի փոփոխությունը և ձեռնարկել համապատասխան միջոցներ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց թմրաբանը։
Թմրամոլ վարորդներին բացահայտում են թմրաթեստերի միջոցով․ հուշում է միջազգային փորձը
Ի տարբերություն ալկոհոլի, թմրանյութերը հոտ չունեն և վարորդի կողմից թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը հնարավոր չէ պարզել սովորական ալկոթեստերի միջոցով:
Այսօր աշխարհի զարգացած (նաև զարգացող) երկրներում լայներորեն կիառվում են թմրաթեստերը (DrugTest), որոնց օգնությամբ ոստիկանները հենց տեղում՝ թքի միջոցով կարող են պարզել` արդյո՞ք վարորդներն օգտագործել են թմրանյութ, թե ոչ: Վարորդին ստուգելու համար բավարար են արտաքին նշանները (կասկածելի վարքագիծ, աչքերի կարմրություն և այլն)։ Նման սարքավորումները համատարած կիրառվում են Կանադայում և Մեծ Բրիտանիայում 2016 թվականից, Կիպրոսում՝ 2018 թվականից։ ԱՊՀ երկրներից Ռուսաստանում վարորդների շրջանում թմրաթեստերը սկսել են կիրառել նախորդ տարվա հուլիսից, իսկ Ուզբեկստանում՝ այս տարվա մարտից։ Հարևան Վրաստանում, պարզվում է, դեռևս 2019-ից ոստիկանները հատուկ սարքի միջոցով ճանապարհին ստուգում են՝ օգտագործե՞լ են վարորդները թմրանյութ, թե՞ ոչ: Նշենք, որ ներկայումս Հայաստանում վարորդների սթափությունը ստուգելու համար նման սարքեր չեն կիրառվում։
Խմած վարորդները տուգանվում են, իսկ թմրանյութ օգտագործածները՝ խուսափում պատժից
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 126-րդ հոդվածով սահմանված է՝ վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, որը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով: Վարորդի սթափության վիճակի մասին զննության գործող կարգի համաձայն՝ սթափության վիճակի զննությունն իրականացվում է ինչպես բուժհաստատության կողմից, այնպես էլ վարորդի արտաշնչած օդի, նրանից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով: Վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով՝ բուժհաստատությունում։ Նշենք, որ օրենքով՝ ոստիկանության ծառայողներն իրավասու են տեղում սթափության վիճակի զննություն իրականացնել միայն վարորդի արտաշնչած օդի միջոցով։ Այլ մեթոդներով (օրինակ թքի միջոցով) տեղում սթափության վիճակը պարզելու վերաբերյալ օրենսդրական դրույթներ և մեխանիզմներ առկա չեն։
Իրավաբան Գևորգ Սլոյանի խոսքով՝ ներկայումս չկան բավարար մեխանիզմներ ենթադրաբար թմրանյութ օգտագործած վարորդներին բացահայտելու համար։
«Առկա պրակտիկայի պայմաններում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների 99 տոկոսը կազմվում է խմածության հիմքով, իսկ համապատասխան սարքավորումների բացակայությունը հնարավորություն չի տալիս ոստիկանության ծառայողներին՝ տեղում հայտնաբերել հավանական թմրամոլներին, ինչը լուրջ սպառնալիք է ենթևեկության անվտանգության ապահովման համար»,-NEWS.am-ի հետ զրույցում ասց փաստաբանը։
Այսպիսով ստացվում է, որ գործող իրավակարգավորումներն ուղղակիորեն տարածվում են ալկոհոլ օգտագործած վիճակում տրանսպորտային միջոց վարողների վրա, իսկ բացահայտման մեխանիզմների բացակայությունն ու դրանց՝ հետագայում ընթացք չտալու պրակտիկան, հնարավորութուն է տալիս թմրանյութի կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվող վարորդներին ազատորեն երթևեկել՝ որոշ դեպքերում դառնալով նաև ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ։

Թագուհի Մելքոնյան




























