ՔՊ-ական իշխանության սրտի դատավորը, մարդ, որն ամենացածր վարկանիշն ունեցող դատավորներից է, ով, ըստ տարածված կարծիքի, դակում է այն որոշումները, որոնք նախապես կայացնում է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց հայտարարեց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին:

Պատգամավորը նկատեց, որ Արմեն Դանիելյանը բոլոր իշխանությունների օրոք փորձել է հաճոյանալ նրանց. «Իսկ ամենաուշագրավն այն է, որ այս նույն մարդուն, ում այսօր Նիկոլ Փաշինյանի թիմակիցները կրծքով պաշտպանում են և նրա հասցեին դիֆերամբներ ձոնում, տարիներ առաջ նույն մարդիկ հայհոյում էին՝ դատախազության սրտի որոշումները  դակելու և ընդդիմադիրներին իրենց քաղաքական հայացքների համար դատապարտելու մեղադրանքով:

Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այն ժամանակ դատարաններում և փողոցում ամոթանք ու միջնամատ էին ցույց տալիս Արմեն Դանիելյանին: Եթե չեք հիշում՝ արխիվային կադրերը դիտեք, փառակալած հիշողություններդ թարմացրեք: Իսկ այսօր այդ մարդկանց կողմից միջնամատի արժանացած Արմեն Դանիելյանը դարձել է  նրանց սրտի դատավորը:

Փաստորեն թավշյա կոչված հեղափոխականների համար միջնամատվածից մինչև սրտի դատավոր մեկ քայլ է: Մի խոսքով՝ այս զանգվածի համար կյանքն անսկզբունքայնության բումերանգ է: Իրենց համար դատավոր Արմեն Դանիելյանը մի օր կամակատար է, մյուս օրը՝ արդարադատության ռահվիրան: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պես, որը մի օր Նիկոլ Փաշինյանի կալանավորման հարցով մտնում էր ԱԺ, իսկ հաջորդ օրը դառնում Նիկոլ Փաշինյանի և «հեղափոխականների» սրտի դատախազը»,- ասաց Արեգնազ Մանուկյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ դատական համակարգը փլուզվել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով դրանք շրջափակվեցին: