Չնայած համաշխարհային առեւտրի ճգնաժամին՝ ԵԱՏՄ ՀՆԱ-ի ծավալը կրճատվել է ընդամենը 1,6 տոկոսով։ Արտասահմանում կանխատեսում էին փլուզում, նման բան տեղի չի ունեցել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թվերը խոսում են այն մասին, թե ինչպես է զարգանում այն երկրների տնտեսությունը, որոնք հետեւում են փոխհարաբերությունների զարգացման այլ սկզբունքներին։ Չնայած համաշխարհային տնտեսության եւ առեւտրի մասշտաբային ճգնաժամային երեւույթներին, աշխարհաքաղաքական մեծ ռիսկերին եւ անորոշության գործոնին, Եվրասիական միության ընդհանուր ՀՆԱ-ն 2022 թվականին կրճատվել է, բայց կրճատվել է 1,6 տոկոսով, իսկ որոշ փորձագետներ կանխատեսում էին բոլորովին այլ՝ փլուզման սցենար։ Նման բան տեղի չի ունեցել եւ արդեն ակնհայտորեն տեղի չի ունենա»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական համաժողովի երկրորդ լիագումար նիստում։
Պուտինը հիշեցրել է, որ ԵՄ առաջատար տնտեսություններում ընթացիկ տարվա համար «մինուս են կանխատեսում»։ «Մեզ մոտ սկզբում ասում էին պլյուս 0,7 տոկոս, հիմա արդեն՝ 1,5, իսկ գուցե 2 տոկոս։ Եվ դա շատ բանի մասին է խոսում»,-հավելել է նա։




























