Միավորված Ազգերի Կազմակերպությունը երկուշաբթի Փարիզում հանդիպում կկազմակերպի, որի նպատակը պլաստիկով գլոբալ աղտոտմանը վերջ տալն է, տեղեկացրել է The Associated Press-ը։

Սա հինգ հանդիպումներից երկրորդն է, որոնք պետք է տեղի ունենան 2024թ. վերջին՝ բանակցություններն ավարտելու համար։

Առաջին խորհրդակցությունում, որը տեղի է ունեցել վեց ամիս առաջ Ուրուգվայում, որոշ երկրներ պնդել են գլոբալ մանդատների մասին, որոշ երկրներ էլ՝ ազգային որոշումների կոչ են արել, իսկ այլ երկրներ թե՛ մեկի, թե՛ մյուսի կողմնակից են եղել։

Մարդկությունն ամեն տարի արտադրում է ավելի քան 430 մլն տոննա պլաստիկ, երկու երրորդը երկար գործածության համար չէ, դրանք շուտով վերածվում են թափոնների՝ լցվելով օվկիանոսը եւ հայտնվելով մարդու սննդային շղթայում,։ Տնտեսական համագործակցության կազմակերպության տվյալներով՝ 2060թ. պլաստիկե թափոնների ծավալը կավելանա եռակի։

Քանի որ բանակցությունները պայմանագրի վերաբերյալ իրականացվելու են սեղմ ժամկետում, փորձագետներն ասում են, որ այդ հանդիպմանը կընդունվեն կարեւորագույն որոշումներ։

Պայմանագիրը կարող է  կենտրոնանալ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա, ինչպես ցանկանում է երկրների ինքնահռչակ «բարձր հավակնությունների կոալիցիան», որը գլխավորում են Նորվեգիան եւ Ռուանդան, նպատակ ունենալով սահմանափակել պլաստիկի եւ քիմիական նյութերի արտադրությունը։ Կոալիցիայի փաստաթղթում, որն ուղղված է մինչեւ 2040թ. պլաստիկով աղտոտման դադարեցմանը, նշված է, որ դա անհրաժեշտ է մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանման համար։

Որպես այլընտրանք պայմանագիրը կարող է կիրառման ավելի սահմանափակ ոլորտ ունենալ պլաստիկե թափոնների խնդրի լուծման համար, ինչպես ցանկանում են պլաստմասի որոշ արտադրողներ եւ նավթ արտահանողներ։ Պլաստիկի մեծ մասն արտադրվում է հանածո վառելիքից։ Այս պլանին աջակցող երկրներն են ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան եւ Չինաստանը։ Ուրուգվայում ԱՄՆ պատվիրակությունը հայտարարել էր, որ ազգային պլանները թույլ կտան կառավարություններին պարզել առաջնահերթությունները պլաստիկով աղտոտման կարեւոր աղբյուրների հարցում։

Քիմիական ասոցիացիաների միջազգային խորհուրդը, Պլաստմասի համաշխրահային խորհուրդը, Ամերիկյան քիմիական խորհուրդը եւ այլ ընկերություններ, որոնք արտադրում եւ օգտագործում են պլաստմասսա, հայտարարում են, որ ցանկանում են այնպիսի համաձայնագիր, որը կվերացնի պլաստիկով աղտոտումը «պլաստմասսայի սոցիալական առավելությունների պահպանմամբ»։