ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ պետական պարտքի սահմանաչափը մինչեւ 2025թ. հունվարի 1-ը կանգնեցնելու մասին, քանի որ օրենսդիրները փորձում են կանխել աղետալի դեֆոլտը, տեղեկացրել է CNN-ը։

Այնուհետեւ օրինագիծը պետք է ընդունի Սենատը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրմանն ուղարկվելուց առաջ։ Սենատում ցանկացած օրենսդիր կարող է մերժել արագ քվեարկությունը, եւ առայժմ հասկանալի չէ, թե երբ տեղի կունենա վերջնական քվեարկությունը։

Կոնգրեսով օրինագծի անցնելու ժամկետը չափազանց սուղ է, եւ սխալվելու հնարավորություն գրեթե չկա, ինչը մեծ ճնշում է գործադրում երկու կուսակցությունների ղեկավարներ վրա։

Օրենսդիրներն աշխատում են շատ արագ, որպեսզի կանխեն պատմության մեջ առաջին դեֆոլտը մինչեւ հունիսի 5-ը, այն օրը, երբ, ֆինանսների նախարարությունը, հայտարարության համաձայն, այլեւս չի կարողանա ժամանակին վճարել երկրի բոլոր պարտավորությունները լրիվ ծավալով, ինչը կարող է հանգեցնել գլոբալ տնտեսական աղետի։

Պարտքի սահմանաչափի մասին օրինագիծը բախվել է ուլտրաաջերի եւ ուկտրաձախերի դիմակայությանը, բայց արդյունքում հասել է Ներկայացուցիչների պալատ երկկուսակցական աջակցությամբ։

Քվեարկության վերջնական արդյունքը՝ 314 եւ 117։ Օրինագծին կողմ է քվեարկել 149 հանրապետական եւ 165 դեմոկրատ, դեմ՝ 71 հանրապետական եւ 46 դեմոկրատ։

Պարտքի սահմանաչափի կանգնեցումը մինչեւ 2025թ. հանում է դեֆոլտի սպառնալիքը մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը։ Օրինագիծը սահմանափակում է ոչ պաշտպանական ծախսերը, ընդլայնում պարենային կտրոններ ստացողների աշխատանքի հանդեպ պահանջները  եւ վերադարձնում միջոցների մի մասը, որոնք հատկացվել են կորոնավիրուսի համավարակի շրջանում։