Վաղ առավոտյան ՆԱՏՕ KFOR ուժերի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զվեչանի մուտքի գլխավոր խաչմերուկը, ինչպես նաեւ մի քանի այլ խաչմերուկներ հենց քաղաքում, տեղեկացրել է սերբական Tanjug լրատվամիջոցը։
«Դա արվել է Սերբիայի հետ համաձայնեցմամբ, որը խնդրել է KFOR-ին հաստատվել այն տեղերում, որտեղ գտնվել է Կոսովոյի այսպես կոչված ոստիկանությունը»,- նշել է ԶԼՄ-ն։
Լրացուցիչ ուժեր են տեղակայվել նաեւ Զվեչանի մուտքի մոտ, Կոսովո-Միտրովիցայի կողմից։
Ավելի վաղ սերբական կողմը տեղեկացրել էր այն մասին, որ անկարգությունների ընթացքում, որոնք սկսվել էին Կոսովոյի հյուսիսում Կոսովոյի ոստիկանության եւ ՆԱՏՕ KFOR ուժերի գործողություններով պայմանավորված, Զվեչանում սերբերի ցույցը ցրելու ժամանակ տուժել էր 52 մարդ։
KFOR-ի վերջին տվյալների համաձայն՝ Կոսովոյում եւ Մետոխիայում ՆԱՏՕ 30 խաղաղապահ վիրավորվել է։
Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր, իսկ հետո հազարավոր կոսովցի սերբեր հավաքվել էին տեղի իշխանությունների շենքերի առջեւ երկրամասի հյուսիսում, նրանք պահանջում էին, որպեսզի Կոսովոյի ոստիկանությունը հեռանա եւ հետ կանչվեն Կոսովոյի ալբանացի քաղաքապետերը։ ՆԱՏՕ KFOR զորակազմի զինծառայողները տեղակայվել էին Զվեչանի, Լեպոսավիչի եւ Զուբին-Պոտոկի քաղաքապետարանների առջեւ։ Նրանց թիկունքում Կոսովոյի մեծաքանակ ոստիկանությունն էր, նրանք թույլ չէին տալիս կոսովցի սերբերին մոտենալ շենքերին։





























