Սերբիան պետք է դադարեցնի Կոսովոյի ապակայունացմանն ուղղված իր գործունեությունը, որպեսզի վերջ տա բռնությանը երկրի հյուսիսում, հինգշաբթի հայտարարել է Կոսովոյի առաջնորդ Յոսա Օսմանին, հաղորդում է Reuters-ը։
«Մարտահրավերը գալիս է Սերբիայից, երկրից, որը դեռ պետք է հաշտվի իր անցյալի հետ»,- Մոլդովայում եվրոպական գագաթաժողովի շրջանակում Reuters-ին ասել է Օսմանին:
«Իրավիճակը լարված է, բայց մենք պետք է համոզվենք, որ մենք վերականգնել ենք օրենքի գերակայությունը Կոսովոյում եւ հասկանանք, որ սպառնալիքը գալիս է Սերբիայից Կոսովոյի՝ որպես ինքնիշխան պետության գոյությունը մերժելուց», - հավելել է նա։
Օսմանին նաեւ հայտարարել է, որ Սերբիան ակտիվորեն աջակցում է Կոսովոյի «ապօրինի կառույցներին»՝ երկիրը ներսից ապակայունացնելու նպատակով։
«Նախագահ Վուչիչը պետք է դադարի աջակցել հանցավոր խմբավորումներին, եթե նա իսկապես խաղաղություն է ցանկանում», - ասել է նա:
Կոսովոյի հյուսիսում անկարգությունները սաստկացել են այն բանից հետո, երբ ապրիլին սերբերի կողմից բոյկոտված ընտրություններից հետո էթնիկ ալբանացի քաղաքապետերը ստանձնել են պաշտոնը սերբ մեծամասնություն ունեցող տարածաշրջանում:
Անկարգությունների արդյունքում տուժել է 30 խաղաղապահ եւ 52 էթնիկ սերբ ցուցարար։
ՆԱՏՕ-ն որոշել է ուժեղացնել 4000 հոգանոց առաքելությունը տարածաշրջանում լրացուցիչ 700 զինծառայողներով եւ պատրաստակամություն է հայտնել էլ ավելի շատ զորք ուղարկելու։





























