Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի (2023թ. մայիսի 28) վերջնական արդյունքներն ուղարկվել են հրապարակման կառավարության Resmi Gazete պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու համար։ Այս մասին հինգշաբթի Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Յեները, տեղեկացրել է «Անադոլուն»։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել բոլոր բողոքների եւ դիմումների հետ կապված։
«Մայիսի 28-ի քվեարկությանը մասնակցել է 52 մլն 93 հազար 375 ընտրող։ Մասնակցությունը կազմել է 85,72 տոկոս։ Օտարերկրյա տեղամասերում, այդ թվում սահմանակետերում քվեարկել է 1 մլն 930 հազար 226 քաղաքացի։ Ներկայացել է 56,34 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, ձայնի իրավունքից օգտվել է 54 մլն 34 հազար 601 քաղաքացի։ Մասնակցության ընդհանուր ցուցանիշը կազմել է 84,15 տոկոս»,- նշել է Յեները։
ԿԸՀ ղեկավարը տեղեկացրել է, որ քվեարկության երկրորդ փուլի վերջնական արդյունքներով Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 52,18 տոկոսը (27 մլն 834 հազ. 589 ընտրաթերթիկ), իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոս (25 մլն 504 հազ. 704 ընտրաթերթիկ)։ «Հենվելով այս տվյալների վրա՝ Թուրքիայի նախագահ է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- հայտարարել է Բարձրագույն ընտրական խորհրդի ղեկավարը։





























