ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը վերադարձել է ընտրարշավի «արահետ» իր օգնական Ուոլթ Նաութայի ուղեկցությամբ։ ԱՄՆ նախկին նախագահն իր դեմ դաշնային մեղադրանքն անվանել է «միջամտություն ընտրություններին» եւ հայտարարել է Ջորջիայի հանրապետականներին, որ դա իշխանության չարաշահում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։

«Դա քաղաքական պատվեր է։ Հանրապետականների նկատմամբ վերաբերմունքն այլ է, քան դեմոկրատների»,- ասել է Թրամփը կուսակցության համագումարում (Կոլումբուս)։

Սա նրա առաջին հրապարակային պատասխանն էր ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից մեղադրական եզրակացությունը հրապարակվելուց հետո, որում նշվել է, որ նախկին նախագահն ու նրա օգնականը ճիշտ չեն վարվել գաղտնի փաստաթղթերի հետ։

Ջորջիայում իր 80 րոպեանոց ելույթում Թրամփը հերքել է ցանկացած իրավախախտում եւ հետաքննությունն անվանել է «երկրի տխուր օր»։

«Մեր ժողովուրդը զայրացած է»,- ասել է նա իր երկրորդ մեղադրական եզրակացության մասին։

Ըստ Թրամփի՝ ցանկացած այլ հանրապետական 2024թ. նախագահական ընտրարշավում կբախվի նման իրավաբանական խնդիրների։

ԱՄՆ նախկին նախագահը թեմային անդրադարձել է նաեւ նույն օրը Գրինսբորոյում տեղի ունեցած հանրապետականների համագումարում։

«Ես այսօր ձեր առջեւ կանգնած եմ որպես միակ թեկնածու, որն ունի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի կոտրի այս կոռումպացված համակարգը եւ իսկապես չորացնի ճահիճը,- ասել է Թրամփը,- եւ ես միակն եմ, որին նրանք չեն ուզում»։

Թրամփին ներկայացվել է ընդհանուր առմամբ 37 մեղադրանք, ներառյալ 31 մեղադրանք ազգային պաշտպանության մասին տեղեկատվությունը միտումնավոր պահելու համար։ Նաութան՝ Թրամփի անձնական օգնականը, մեղադրվում է վեց կետերով, ներառյալ մի քանի մեղադրանքներ՝ կապված տեղեկատվությունը թաքցնելու հետ։