Փարիզի քաղաքապետարանին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որն զբաղվելու է առնետների հետ «համակեցության» հարցերով, այն պարզելու է փարիզցիների կյանքի պայմանների բարելավման ուղիները՝ չնայած քաղաքում ամենուրեք կրծողների առկայության փաստին, տեղեկացրել է CNEWS հեռուստաալիքը։

Որպեսզի «փարիզցիների կյանքն անտանելի չլինի», ստեղծված խումբը պետք է առաջարկի արդյունավետ միջոցներ, հեռուստաալիքի եթերում հայտարարել է Փարիզի առողջապահության հարցերի գծով փոխքաղաքապետ Ան Սույրին։

Նա ընդգծել է, որ խումբը պետք է մշակի «առնետների տարածման դեմ պայքարի հավակնոտ պլան», որի իրականացման համար կգնվեն հազարավոր նոր աղբարկղներ, կտեղադրվեն թույնով լի թակարդներ «այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ կլինի»։

 Ստեղծված խումբը պետք է մշակի նաեւ Փարիզի բնակիչների (որոնք իրենց հետեւից աղբը չեն հավաքում) վրա ազդելու միջոցներ։

Ինչպես նշել է Սույրին,  առնետները «խնդիր չեն հանրային առողջության համար», չնայած լեպտոսպիրոզի փոխանցողներ են համարվում, որը հիմնականում սպառնում է աղբահավաքներին, որոնք կարող են պատվաստվել։

Քաղաքապետարանի եզրակացությունները ողջունել են կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները, որոնք մինչ այդ կողմ էին կրծողների դեմ պայքարի «ոչ մահացու» մեթոդներին։