Պուտինի հնարավոր ընտրությունը նախագահի պաշտոնում նշանակալի փոփոխությունների չի հանգեցնի ղարաբաղյան հարցում ռուսական քաղաքականության մեջ: Այդ մասին «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին տված հարցազրույցում հայտնել է Սանկտ-Պետերբուրգի պետհամալսարանի գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Բելոնոգովը:

«Վլադիմիր Պուտինի հնարավոր վերադարձը թույլ չի տալիս խոսել ռուսական արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունների մասին եւ, ըստ ամենայնի, քիչ բան կփոխի ղարաբաղյան հակամարտության հարցում ՌԴ մոտեցումներում»,- նկատել է Բելոնոգովը:

Ըստ քաղաքագետի, ամենայն հավանականությամբ Պուտինը կշարունակի նախկին քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, որ Ռուսաստանը վարել է վերջին տարիներին: «Դա, թերեւս, առավել պրագմատիկ քաղաքական գիծն է, քանի որ Մոսկվան տվյալ փուլում շահագրգռված չէ հարեւան պետություններում ստատուս-քվոյի խախտման մեջ: Պուտինն իմ կարծիքով, կաշխատի պահել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ եւ հնարավորինս բարեկամական Ադրբեջանի հետ»,- ասել է Բելոնոգովը: