Կարծում եմ` Գոյ թատրոնի փակումը կապված է «Գարեգին Նժդեհ» ներկայացման հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը:
«Կարծում եմ` Գոյ թատրոնի փակումը կապված է «Գարեգին Նժդեհ» ներկայացման հետ: Թեեւ ես գիտեմ, որ ինձ հետ կապված կա նաեւ այլ պատճառ: Ներկայացումը կշրջագայի քաղաքի թե՛ զինվորական մասերում, թե՛ սահմանամերձ գյուղերում: Մենք կուզեինք խաղալ Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանին. ապրիլին մենք դիմել էինք քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար, սակայն այդպես էլ պատասխան չեկավ»,- նշեց Սահակյանը:
Ճշտող հարցին, թե իր հետ կապված ի՞նչ խնդիր կա, Սահակյանն ասաց. «Իմ խնդիրը թատրոնն է»:
Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշել է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը միացման ձեւով վերակազմակերպելու մասին:
Ըստ որոշման հիմնավորման՝ այն նպաստելու է նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացման ու կարողությունների զարգացմանը, կխթանի ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաեւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների օպտիմալացում:
Նշենք, որ կառավարության որոշումը բողոքարկվել է դատարանում:




























