Ռուսաստանի Դաշնության Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ հաստատել է օրենք, որը թույլ է տալիս հիմք ստեղծել թվային ռուբլու ներդրման համար։ Այն ներկայացնում է «թվային ռուբլու հարթակ», «թվային ռուբլու հարթակի կանոններ», «թվային ռուբլու հարթակի մասնակից», ինչպես նաև «թվային ռուբլու հարթակի օգտատեր» և «թվային հաշիվ» հասկացությունները, հայտնում է «Коммерсантъ»-ը։ 

Օրենքը, որը մշակվել է մի խումբ պատգամավորների կողմից՝ ֆինանսական շուկայի կոմիտեի նախագահ Անատոլի Ակսակովի գլխավորությամբ, ապահովում է Ռուսաստանի Բանկի համար թվային ռուբլու հարթակի օպերատորի կարգավիճակը։ Օրենքը սահմանում է նաև Կենտրոնական բանկի պատասխանատվությունը թվային ռուբլու անվտանգության համար։

Թվային ռուբլին եզակի էլեկտրոնային կոդ է (токен): Ի տարբերություն կրիպտոարժույթի, այն թողարկվում է բացառապես Ռուսաստանի բանկի կողմից: Այն նաև ապահովված է ոսկու և արտարժույթի պահուստներով և կապված է ազգային արժույթի արժեքի հետ: Թվային ռուբլիները կպահվեն թվային դրամապանակներում՝ կարգավորողի կողմից մշակված հարթակում։ Դրա պատճառով նրանք չեն կապվի կոնկրետ բանկի կամ էլեկտրոնային դրամապանակի հետ։