Ինչքան շուտ սկսվի բանակցությունների ակտիվ փուլը, այդքան լավ: Անգործոթյունը հանգեցնում է պատերազմի: Այդ մասին հոկտեմբերի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` պատասխանելով հարցին, թե Եվրամիության ծրագրերի շնորհիվ Ադրբեջանը տարածաշրջանում ստեղծում է բաժանարար գծեր եւ հարստանում է, իսկ ստացած գումարները ծախսում է սպառազինությունների մրցավազքի վրա:
Ֆրանսիայի նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, որի շրջանակում Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է երկխոսեն: Սարկոզին ընդգծել է երկու կողմից էլ խաղաղության պահպանման կարեւորությունը:
Սարկոզին նաեւ հայտնել է, որ մի քանի շաբաթ հետո կանցկացվի ատոմային էներգետիկայի հարցերի ուսումնասիրում: Ֆրանսիան կողմ է հարեւանների հետ խաղաղության հաստատմանը եւ էներգիայի նոր աղբյուրների ստեղծմանը, քանի որ Ֆրանսիան անհանգստացած է ատոմային էներգետիկայի հիմնախնդիրներով:
Պատասխանելով նույն հարցին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նկատել է. «Մենք հարգանքով եւ ըմբռնումով ենք մոտենում Եվրամիության երկրների ցանկությանը` ապահովել էներգետիկ անվտանգություն եւ էներգակիրների աղբյուրների բազմազանություն: Մենք ակնկալում ենք նաեւ Եվրամիության այդ նույն երկրների ուշադիր վերաբերմունքը մեր երկրի անվտանգության եւ մեր տարածաշրջանի կայունության խնդիրներին: Այդ ծրագրերը պետք է լինեն այնպես, որպեսզի ապահովեն երկրների հավասարաչափ զարգացումը եւ որպեսզի դրանցից եկած արդյունքները ծառայեն խաղաղությանը եւ ոչ պատերազմին: Դրանք պետք է այնպես իրականացվեն, որ չդառնան նոր պատերազմ սնուցող աղբյուրներ: Մեր մոտեցումն արդար է եւ պատրաստակամ»:




























