Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ Պեկինի Դյաոյույթայ պետական նստավայրում եւ հույս է հայտնել, որ նա կշարունակի կառուցողական դեր խաղալ չին-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործում, ինչպես արվել էր ավելի քան 50 տարի առաջ։

Սի Ծինփինը, որի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ-ն, նշել է, որ 52 տարի առաջ չին-ամերիկյան հարաբերությունները բեկումնային փուլում էին։

«Նախագահ Մաո Ցզեդունը, Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Չժոու Էնլայը, նախագահ Նիքսոնը եւ անձամբ դուք, շնորհիվ ականավոր ռազմավարական տեսլականի, ճիշտ ընտրություն կատարեցիք հօգուտ չին-ամերիկյան համագործակցության, գործի դրեցիք երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչն օգուտ բերեց երկու երկրներին եւ փոխեց աշխարհը»,- ասել է Սի Ծինփինը։ Չինաստանի նախագահը նշել է, որ Չինաստանը չի մոռանա «իր հին բարեկամներին», ինչպես նաեւ անձամբ Քիսինջերի ավանդը չին-ամերիկյան հարաբերություններում։

«Չինաստանը եւ ԱՄՆ-ն  նորից ճամփաբաժանին են՝ չիմանալով, թե որ ուղիով ընթանան, կողմերը պետք է նորից ընտրություն կատարեն։ Չինաստանը եւ ԱՄՆ-ն հաստատ կարող են հասնել համատեղ հաջողությունների եւ բարգավաճման ապագայում, գլխավորն այն է, որպեսզի հետեւեն փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքներին»,- նշել է Սի Ծինփինը։

Նա ավելացրել է, որ Չինաստանը պատրաստ է այս հիմքի վրա փնտրել ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ուղիներ, որպեսզի երկկողմ հարաբերությունները կայուն զարգանան։ «Հույս ունեմ, որ դուք եւ առողջ դատող մարդիկ ԱՄՆ-ում կշարունակեն կառուցողական դեր խաղալ, որպեսզի նպաստեն այն բանին, որ չին-ամերիկյան հարաբերությունները վերադառնան ճիշտ արահետ»,- ամփոփել է Սի Ծինփինը։