Նիգերում քաղաքական անկայունությունը սպառնալիքի տակ է դնում երկրին  ԱՄՆ-ի տնտեսական աջակցությունը, շաբաթ  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Չորեքշաբթի Նիգերի զինվորականները հայտարարեցին ժողովրդավարական  ​​ճանապարհով ընտրված նախագահ Մոհամեդ Բազումի պաշտոնանկության մասին, իսկ ուրբաթ   գեներալ Աբդուրահման Չիանիին նշանակեցին երկրի նոր ղեկավար, ինչը Նիգերն ավելացրեց աֆրիկական  Սահել տարածաշրջանում ռազմական ռեժիմների աճող ցանկին:

Բլինքենը, որն Ավստրալիայում է գտնվում խաղաղօվկիանոսյան շրջագայությամբ, հայտարարել է, որ Նիգեր-ԱՄՆ անվտանգության և տնտեսական պայմանավորվածությունները կախված են Բազումի ազատագրումից և «Նիգերում ժողովրդավարական կարգի անհապաղ վերականգնումից»:

«Նիգերի հետ մեր տնտեսական և անվտանգության գործընկերությունը, իսկ դա հսկայական  գումարներ են՝ հարյուր միլիոնավոր դոլարներ, կախված է ժողովրդավարական կառավարման և սահմանադրական կարգի շարունակումից, որոնք խաթարվել են վերջին մի քանի օրվա ընթացքում ձեռնարկված գործողություններով», - ասել է Բլինքենը: Նա ավելացրել է, որ «այդ ամբողջ օգնությունն ու աջակցությունը միանշանակ սպառնալիքի տակ են այդ գործողությունների պատճառով» և որ դա «ևս մի պատճառ է, որի համար անհրաժեշտ է դրանք անհապաղ չեղարկել», - ասել է ամերիկացի պաշտոնյան, տեղեկացնում է  «Ամերիկայի ձայնը»:

Բլինքենը Նիգերում ռազմական գործողությունները հեղաշրջում չի անվանել, քանի որ դա կարող է հանգեցնել աֆրիկյան երկրին միլիոնավոր դոլարների ռազմական օգնության և օգնության կորստին։

Ելույթ ունենալով Բրիսբենում՝ Բլինքենն ասել է, որ շաբաթ օրը խոսել է նախագահ Բազումի հետ, սակայն մանրամասներ չի հայտնել: Նա նշել է Աֆրիկական միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միության և այլ տարածաշրջանային կազմակերպությունների աջակցությունը՝ անկարգություններին վերջ դնելու փորձերին։

 Բլինքենը հայտնել է, որ Նիգերում ԱՄՆ դեսպանատունը հոգ է տարել  բոլոր աշխատակիցների և նրանց ընտանիքների անվտանգության համար և նախազգուշացում է տարածել՝ խորհուրդ տալով երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին սահմանափակել տեղաշարժը և խուսափել հեղաշրջման հետևանքով տուժած տարածքներից: