Հոկտեմբերի 11-ին, Երեւանի ժամանակով ժամը 23-ին, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մեկնարկելու է Իռլանդիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը:

Մեր ընտրանու տարած վերջին փայլուն հաղթանակներից հետո այս խաղը գտնվում է գրեթե բոլոր հայաստանցիների ուշադրության կենտրոնում, առավել եւս որ հաղթանակի դեպքում հնարավորություն կա հայտնվել Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ փուլում:

Այս խաղի նկատմամբ մեծ է նաեւ միջազգային եւ տեղական բուքմեյքերական ընկերությունների ուշադրությունը, որոնք ակնկալում են մեծ խաղադրույքներ:

Ուշագրավ է, որ գրեթե բոլոր գրասենյակները նախապատվությունը տալիս են Իռլանդիայի հավաքականին:

Միջազգային ամենահայտնի Willian Hill գրասենյակը խաղի համար սահմանել է հետեւյալ գործակիցները` Իռլանդիայի հաղթանակ 1,67, ոչ-ոքի` 3,60, Հայաստանի հաղթանակ` 5,50:

Հայաստանյան բուքմեյքերների կանխատեսումներն առանձնապես չեն տարբերվում William Hill-ի կանխատեսումներից, թերեւս փոքր-ինչ ավելի են հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին: Մասնավորապես, այս պահի դրությամբ, «Տոտո» բուքմեյքերը Իռլանդիայի հաղթանակը գնահատել է 1,75, ոչ-ոքին` 3,9, Հայաստանի հաղթանակը` 4,25 գործակցով: 

Պատկերը նույնն է նաեւ «Վիվարո»-ի դեպքում, մեկ աննշան տարբերությամբ, Իռլանդիայի հավաքականի հաղթանակը գնահատվել է 1,7 գործակցով:

Ինչեւէ, բուքմեյքերների կանխատեսումները ոչ միշտ են իրականություն դառնում, իսկ Հայաստանի հավաքականը լավ խաղի դեպքում իրական շանսեր ունի հաղթանակի հասնելու Իռլանդիայի ընտրանու նկատմամբ: Համենայն դեպս. հայ երկրպագուների բազմահազարանոց բանակը մերոնց հաղթանակին չի կասկածում: