Սլովենիան ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից տեխնիկական աջակցություն է խնդրել ավերիչ ջրհեղեղներից և սողանքներից հետո վնասները վերականգնելու համար, գրում է DW-ն։

 Իշխանությունները խնդրել են 30 տարբեր հզորությունների էքսկավատորներ և 30 հատուկ մեքենաներ՝ ջրային ուղիները կարգավորելու համար, ինչպես նաև ինժեներական խմբեր՝ մեքենաները սպասարկելու համար, հաղորդում է dpa-ն: Լյուբլյանային անհրաժեշտ է նաև մինչև 40 մետր երկարությամբ 20 հավաքովի կամուրջ։ Իշխանությունները ՆԱՏՕ-ից խնդրել են հինգ ռազմական ուղղաթիռ՝ առնվազն 5 տոննա բեռնատարողությամբ բեռներ փոխադրելու համար, ինչպես նաև 200 զինծառայող՝ փրկարարական և օգնություն ցուցաբերելու համար։

Վարչապետ Ռոբերտ Գոլոբն ընդհանուր վնասը գնահատել է ավելի քան 500 միլիոն եվրո։ Տուժել է երկրի տարածքի երկու երրորդը և էներգետիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև հարյուրավոր բնակելի շենքեր, գրում է dpa-ն։

Ջրհեղեղներից տուժել են նաև Ավստրիան և Խորվաթիան։