Ֆինլանդացին 12 կիլոգրամ դինամիտ է թաքցրել իր ընկերոջը պատկանող երկու ավտոմեքենաներում՝ ասելով, որ դա «կատակ է եղել, հայտնում է ֆիննական YLE հեռուստաալիքը:
Մեքենաների տիրոջը սա ծիծաղելի չի թվացել և նա հայտնել է ոստիկանություն, որը կարճ ժամանակով ձերբակալել է «կատակասերին»։ Նա ազատ է արձակվել, բայց մնում է որպես կասկածյալ: Նա խոստովանել է, որ օգոստոսի 3-ին մեքենաներում պայթուցիկ է տեղադրել, սակայն ասել է, որ մտադիր չէր դրանք պայթեցնել, հաղորդում է YLE-ն:
Ոստիկանությունը նաև բացառել է ահաբեկչական ցանկացած մտադրություն։ Կասկածյալին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։
Տեղի ոստիկանությունից Թոնի Տրավման YLE-ին ասել է, որ տղամարդիկ ճանաչում էին միմյանց և ապրում էին արևմտյան Ֆինլանդիայի մի փոքրիկ գյուղում:
Որտեղից էին պայթուցիկները, հայտնի չէ։





























