Հնդկաստանի Հիմալայան շրջանում օրերով տեղացած անդադար անձրևների հետևանքով այս շաբաթ առնվազն 72 մարդ է զոհվել, քանի որ ուժեղ մուսոնը առաջացրել է սողանքներ և ջրհեղեղներ, որոնք հեղեղել են ճանապարհները, քշել շենքերը և ստիպել բնակիչներին փրկություն փնտրել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ 

Փրկարարները լեռնային Հիմաչալ Պրադեշ նահանգում աշխատում են եղանակային բարդ պայմաններում՝ փրկելու ցեխի և բեկորների մեջ հայտնված մարդկանց: Հնդկաստանի եղանակային դեպարտամենտը նահանգում բարձր զգոնության է դրել և ակնկալում է, որ անձրևները կշարունակվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Հարյուրավոր ճանապարհներ շարունակում են արգելափակված մնալ, իսկ մայրաքաղաք Շիմլայում դպրոցները փակելու հրաման է տրվել: Նահանգի գլխավոր նախարար Սուխվինդեր Սինգհ Սուխուն ասել է, որ ավելի քան 2000 մարդ փրկվել է ուղղաթիռներով և մոտորանավերով և այժմ ապահով են՝ օգնության ճամբարներում:

Նահանգի գլխավոր նախարարը «Press Trust of India» լրատվական գործակալությանը հայտնել է, որ այս մուսոնյան անձրևների հետևանքով ավերված ենթակառուցվածքը վերանորոգելու համար կպահանջվի մեկ տարի և, որ գնահատված վնասը կկազմի մոտ 100 միլիարդ ռուփի (1,2 միլիարդ դոլար):